Hayastan.news-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի և պարեկային ծառայողների միջև։ Ըստ աղբյուրի՝ Ադամյանը մեքենայի մեջ պարզապես նստած է եղել, երբ նրան են մոտեցել պարեկներն ու պահանջել, որ ներկայացնի փաստաթղթերը, ենթարկվի սթափության փորձաքննության։ Ադամյանը բացատրել է, որ ինքը մեքենան չի վարում, ոչ մի խախտում չի անում, ընդամենը մեքենայի մեջ նստած է՝ ինչո՞ւ պետք է փորձաքննության ենթարկվի։ Սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Պարեկները, տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել, հատուկ ջոկատայիններ են հրավիրել։ Արդյունքում՝ Ճամբարակի քաղաքապետին տարել են Քննչական կոմիտեի Սևանի վարչություն։
Աղբյուրը հայտնեց, որ այս պահին ճամբարակցիները, ի պաշտպանություն իրենց քաղաքապետի, շարժվում են դեպի Սևան, չի բացառվում անգամ, որ Երևան-Սևան մայրուղին փակեն։ Համայնքի բնակիչներից մեզ նաև վրդովված պատմեցին, որ իրենք սահմանամերձ համայնք են, «պոստ են պահում, իսկ պարեկները եկել մարդկանց անհարկի քաշքշում են, բեսպռեդել են անում, եթե էդպես է՝ թող իրենք էլ գնան՝ սահմանը պահեն»։
Քննչական կոմիտեից հաստատեցին Hayastan.news-ի տեղեկությունը՝ նշելով․«Քրեական վարույթ ունենք նախաձեռնված 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 492-րդ հոդվածի 3-դ մասով՝ խուլիգանություն և պարեկների նկատմամբ բռնություն գործադրել։ Այս վարույթի շրջանակներում հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երեք անձ ձերբակալված է»։
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ ձերբակալված անձանցից մեկը Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ