Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմանը եւ Փաշինյանի հայտարարություններին այս կապակցությամբ:
Նշենք, որ օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը՝ հայտարարելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին արդյոք պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:
«Այս վարչապետ կոչեցյալի հայտարարությունն ընդհանրապես սպանիչ է: Ասում է՝ Ադրբեջանը մեղադրում է, որ ռուսները հայերի հետ պատրաստվում են Ադրբեջանի դեմ հարձակվել, դիտորդներն էլ գալիս են համոզվելու, որ դա այդպես չէ: Այսինքն՝ գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ: Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Ի՞նչ ասեմ, սա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի սիրիականացում»,- Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանին դուրս ես մղում, նրա տեղը լցվելու է Թուրքիայով, դրա համար ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիային»,- ասաց նա: