Հետևեք մեզ։

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. սխրագործ Աբաջյանն այսօր կդառնար 24 տարեկան

15:49, 16 նոյեմբեր 2024
Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. սխրագործ Աբաջյանն այսօր կդառնար 24 տարեկան

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Անմահացած հերոսն այսօր կդառնար 24 տարեկան:

 

Նա զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:

 

19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով լինելով կրտսեր սերժանտ՝ բարձրագույն կոչման արժանացավ:

Ռոբերտ Աբաջյանը ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 147 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ։ 2003-2011թթ. Ռոբերտը սովորել է այդ դպրոցում: Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի դպրոցը ևս անվանակոչվել էր ապրիլյան պատերազմի հերոսի անունով։

 

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման էին անցել:

 

Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու վեց զինծառայողից բաղկացած դասակը։

Ուրֆանյանի զոհվելուց հետո, արդեն վիրավորված Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և շարունակել մարտը։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից մահանում է Զոհրաբյանը։ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել հանուն հայրենիքի չխնայելով ամենաթանկը` կյանքը:

Միայնակ կռիվ տվող Աբաջյանն իր մոտ մնացած վերջին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ 19-ամյա զինվորի սխրանքը անմահացրել է Ռոբերտ Աբաջյանին:

 

Քո սխրանքն անմահ է,

Քո անունը՝ մեր սրտերում: