ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն է տվել կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է` լրացուցիչ ճկունություն ապահովելով տնտեսվարողների համար:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ: Սահմանվել է նաեւ պարտավորությունների մարման վճարման վերջնաժամկետի նորմ, վերանայվել է դեբետային գումարների վերադարձման կարգը:
Արթուր Մանուկյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ԱԺ փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները, կառավարությունը ևս ներկայացրել է նախագիծը լավարկող տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են: