ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ.
«Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։
Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները»։