«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը:
Հայաստանը երեկ 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան:
Այս իրավիճակում տարօրինակ է, թերևս ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթ բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին:
Նույն Լենա Նազարյանը, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա տարօրինակ կերպով լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց Նազարյանին՝ հասկանալու իր դիրքորոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո խուսափեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել այդ մասին ու անջատեց հեռախոսը:
«Խիստ սկզբունքային» քաղաքական գործիչ Լենա Նազարյանը թերևս փոխել է արդեն իր դիրքորոշումը, նրա համար հանքի շահագործումն այլևս վտանգ չի ներկայացնում, կամ էլ նրան կաշկանդում է այն, որ արդեն իր քաղաքական թիմն է համաձայնություն տվել, որպեսզի Ամուլսարը նորից շահագործվի ու նախընտրում է լռել»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։