ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բավարար ապացույցներ հավաքելու դեպքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կրկին կդիմի Արդարադատության միջազգային դատարան՝ Արցախում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների խնդրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց կառավարության նիստում դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին հրապարակված որոշմանը, որով դատարանը բավարարել է Հայաստանի պահանջը, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը
Փաշինյանը հիշեցրեց՝ դատարանը, սակայն, համարեց, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը:
«Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Եվ այստեղ ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին: Եվ հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ԼՂ գազամատակարարումն իրականացվում է լիարժեք: