Հետևեք մեզ։

Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար

15:13, 20 հունվար 2025
Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար

Hayastan.newsանդրադարձել էր Աննա Հակոբյանի նախաձեռնած հաջողակ տղամարդկանց ընթրիքին ներկա  Վարդան Ալեքսանյանին, որը անցնում է քրեական վարույթով, նախկինում հետախուզվող էր, հետո՝ ընթրիքին հանդես եկավ որպես հաջողակ տղամարդ, իսկ այսօր արդեն Աննա Հակոբյանի գործընկերն է։

 

 Hayastan.news-ն Աննա Հակոբյանի էջից տեղեկացավ, որ մի շարք քաղաքացիներից փող հափշտակելու մեջ մեղադրվող Վարդան Ալեքսանյանն օգնելու է Աննա Հակոբյանի ծրագրերին։

 

Աննա Հակոբյանը հայտնում է․ «Այսօր` հունվարի 20-ին, «Դիգնիսի» ՍՊԸ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Սույն հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին»։

 

Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Այժմ նա ԴԻԳՆԻՍԻ ընկերության տնօրենն է։

 

Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։


Hayastan.news-ին հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։

 

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց․ «Հուշահամալիրի հարևանությամբ ՀՀ դրոշն էր տեղադրել ասում էր՝ Մասիսն էր երևում, և մի շարք սփյուռքահայերի խաբելով հողերը վաճառեց։ 26 մարդ է տուժել այս Ալեքսանյանի գործունեությունից։  Մարդիկ մինչև օրս այդ հողերը չեն կարող շահագործել, դատական պրոցեսը չի ավարտվում։ Որևէ մեկին հետաքրքիր չէ՞, թե ի՞նչ փողերով է բացել ԴԻԳՆԻՍԻ ընկերությունը Վարդան Ալեքսանյանը, իսկ եթե ապօրինի է, թե էդ պարագայում դա չի կարևորվում։ Աջակցում են, քեֆ են անում, գնորդներն էլ էս երկրում որևէ իրավունք չունեն, 26 գնորդի է խաբել, 26 մարդ իր պլանը չի իրականացրել հայրենիքում»։

 

Ի հավելումն նշենք, որ դեռ դատավճիռ չկա։

Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ Ալեքսանյանը հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:

Դատական տեղեկատվական համակարգից Hayastan.news-ը տեղեկացավ, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։


Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում։