Հետևեք մեզ։

Փող պոկելու գաղտնի որոշում՝ ջավախքցիներից․ ՀՀ կառավարության «ֆոկուսը»

22:34, 24 հունվար 2025
Փող պոկելու գաղտնի որոշում՝ ջավախքցիներից․ ՀՀ կառավարության «ֆոկուսը»

2025-ի հունվարի 1-ից Hayastan.news-ը հայ-վրացական ցամաքային սահմանները հատողներից ահազանգեր է ստանում՝ տարվա առաջին ելումուտը Հայաստան անակնակալով է եղել։

 

Պարզվում է՝ վրաստանցիներին Հայաստանի մաքսակետերում կլորիկ թվերով տուգանքներ են սպասվում։

 

Ինչպես հայտնի է՝  Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն վարել օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաներ։  Օրինակ, վրացական համարանիշներով ՀՀ տարածքում երթևեկում են միայն վրաստանցիները։

 

Սակայն, ՀՀ կառավարությունը նոր գանձման թիրախ է գտել․ տուգանել վրաստանցի հայերին։ Որոշ վարորդներին սահմանային անցակետերում տուգանում են սահմանված ժամկետից ավելի ՀՀ տարածքում գտնվելու համար, իսկ տուգանքները մեծ թիվ են կազմում՝ 500 000 դրամ, 700 000 դրամ և ավելին՝ պայմանավորված մեքենայի արժեքով։ Պարզվում է վրացական համարանիշներով ՀՀ-ում գտնվելու ժամկետը փոխվել է մի անհայտ աճպարարությամբ՝ մեկ տարվա փոխարեն դառնալով 15 օր։

 

Hayastan.news-ին դիմած վարորդներից մեկը հայտնեց, որ իրեն սահմանին հայտնել են, որ ժամկետ է խախտել, մոտ 2000 դոլարով տուգանել են, ինքն էլ ստիպված տուգանքը վճարել է։  Կարճ տեղեկացրել են՝ որոշում կա։

 

Hayastan.news-ն ուսումնասիրեց Կառավարության, ՊԵԿ որոշումները, նման որոշում չհաջողվեց գտնել, իրազեկում հաստատ չէր արվել, որևէ հաղորդագրություն այդ մասին չի տարածվել, հնարավոր է՝ ներքին որոշում է՝ գաղտնի, որ շատ փող գնա բյուջե, և մի օր հպարտ հայտնեն՝ այսքան մուտք է արվել բյուջե, ստվերը կրճատվեց, թալանը վերադարձվեց, հատիկ առ հատիկ խոստում է, որ կատարում ենք․․․

 

Մանրամասնեմ․ Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները, որոնց գրեթե 100 տոկոսն ազգությամբ հայեր են, Վրաստանում ձեռք բերած իրենց գույքը շահագործում են նաև Հայաստանում։ Նախկին կարգավորումներով՝ Վրաստանի քաղաքացին իրեն պատկանող վրացական պետհամարանիշով մեքենան ՀՀ տարածքում կարող էր շահագործել 6 ամսից 1 տարի ժամկետով։ Ժամկետը չլրացած պետք է հատեր ՀՀ սահմանը և կրկին կարող էր վերադառնալ Հայաստանի տարածք։ Այժմ, առանց տեղեկացնելու փոխել են կարգը, 1 տարին դարձրել են 15 օր և տուգանում են։

 

Քանի որ համապատասխան որոշումը  չհաջողվեց գտնել, Hayastan.news-ը մանրամասներ ճշտեց այն վարորդներից, ովքեր հանդիպում են նման խնդրի։ Մաքսային ծառայողների իրազեկումից, այնտեղ տեղի ունեցած խոսակցություններից պարզ է դարձել, որ Վրաստանում ծնված, Վրաստանի քաղաքացի հանդիսացող, այնուհետև նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած վարորդներին են տուգանում։ 

 

Ինչպես հայտնի է՝ Վրաստանում ծնված հայերից ոմանք նաև ՀՀ քաղաքացիներ են, այս թեման Վրաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ է, որովհետև Վրաստանի սահմանադրությունը երկկքաղաքացիության առնչությամբ սահմանափակումներ ունի։ Մեր զրուցակիցները հայտնեցին՝ եթե վրացական համարանիշներով մեքենայի վարորդը, որի վերաբերյալ մաքսային կետում հայտնի է տվյալ, որ նա նաև ՀՀ քաղաքացի է, մեքենան ՀՀ տարածքում շահագործելու իրավունք ունի 15 օր։

 

Այսինքն, ՀՀ կառավարությանը հայտնի է՝ ՀՀ քաղաքացին չի կարողանում գնալ Վրաստան, ստանալ Վրաստանի քաղաքացիություն, որպեսզի մեքենա ձեռք բերի և չմաքսազերծի։ Վրաստանի քաղաքացիություն չի կարողանում ստանալ, որովհետև 2017-ին վիզային ռեժիմի ազատականացումից հետո Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը շատ բարդ են, պայմաններից մեկն էլ վրացերեն լեզվով երեք քննություն հանձնելն է։

 

Ի՞նչ է ստացվում, ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով, որ վրացական համարանիշներով մեքենաների սեփականատերերն ազգությամբ հայերն են, որոշել է նրանց դնել երկընտրանքի առաջ․

 

1․մաքսազերծել մեքենան

2․հրաժարվել ՀՀ անձնագրից,

3․ հրաժարվել Վրաստանի անձնագրից և հայաթափել Ջավախքը (ամենաանհավանական տարբերակն է)։

 

Բոլորին հայտնի է՝ ովքե՞ր, ի՞նչ պայմաններում ու ինչո՞ւ են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, հայտնի է՝ ՀՀ-ում գտնվող բոլոր վրաստանցիներն այնտեղ բնակարան ունեն, հող, և այլն։


 
Անկեղծ լինեմ, ջավախքցիներն այլ տարբերակ են որոնում, օրինակ, փակել Լարսի ճանապարհը և շատ վատ փակել, պարզապես մեկ զսպող բան կա՝ այդ բեռները հայրենիք են գալիս, բայց հնարավոր որոշումը ժողովրդի դեմ չէ, կամ կգտնեն այլ տարբերակ, կամ․․․։

 

Հ․Գ․ Քանի որ բաց աղբյուրներում այդ փող աշխատելու որոշումը մեզ չհաջողվեց հայտնաբերել, պատկան մարմինների սպասված պարզաբանումը խիստ անհրաժեշտ ենք համարում։

 

Վերլուծական