«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների` այսօր նախատեսված վիրտուալ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ Նա նշել է, որ «ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ենք մենք շարունակում աջակցել Ուկրաինային և մեծացնում ճնշումը» Ռուսաստանի ու այս ռազմական գործողություններին աջակցող նրա բոլոր կողմնակիցների վրա։
«Ի թիվս այլ հայտարարությունների, Միացյալ Նահանգներն ընդգրկուն պատժամիջոցներ կսահմանի այն առանցքային հատվածների դեմ, որոնք եկամուտ են բերում Ռուսաստանին, միջոցներ կձեռնարկի ավելի շատ ռուսական բանկերի, ռուսական պաշտպանական և տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաև երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք փորձում են լրացնել մեր պատժամիջոցների վնասները և շրջանցել դրանք», -հայտարարել է Ժան-Պիեռը։