Ռուբեն Վարդանյանի կարծիքով` Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ ժողովրդի ցանկությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախկին պետնախարարը հայտարարեց փետրվարի 24-ին Երևանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին՝ տեսակապի միջոցով:
«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ և կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Միևնույն ժամանակ՝ մենք ունենք խնդիր, մարդիկ կորցրել են հավատն իրենք իրենց նկատմամբ, հավատն արդարություն, ղեկավարության և ապագայի նկատմամբ: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ընդգծեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև, այնպես, ինչպես 1988 թվականին, երբ սկսվեց շարժումը:
«Մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկզբունքները, ինչին էինք պատրաստ, ինչին՝ ոչ: Այնպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայեր, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք՝ Արցախի անկախությունը և ինքնորոշման ճանապարհ իր ճիշտ ավարտին հասցնելն է»:
Վարդանյանը վստահ է, որ այս դժվարությունները կարող են հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անեն ամեն օր, և որ դա լինի բոլորի համար ամենակարևոր գործը:
«Եվ անցնելով այս վեց ամիսների ճանապարհը, ունենալով նոր փորձը, ես մի կողմից վստահ եմ, որ մենք ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, Արցախը մնալու է անկախ և Արցախը չի հանձնվելու»,- եզրափակեց Վարդանյանը: