Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպանը նաև շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարանում, որի հուշամատյանում արել է հետևյալ գրառումը. «Մենք բոլորս պետք է հիշենք Հայոց ցեղասպանության զոհերի մասին, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այն անձանց հիշատակին, որոնք հետապնդվել են և երաշխավորենք, որ այդպիսի ոճրագործություններն այլևս չեն կրկնվի»: