Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: