Հետևեք մեզ։

Փարիզյան հյուրանոցում կապել էին Քարդաշյանին և կողոպտել, փախուստի էին դիմել ոտքով և հեծանիվով, ճանապարհին կորցրել էին ադամանդե վզնոցը․ «ծերունի կողոպտիչների» խումբը դատարանի առաջ կկանգնի

12:05, 30 ապրիլ 2025
Փարիզյան հյուրանոցում կապել էին Քարդաշյանին և կողոպտել, փախուստի էին դիմել ոտքով և հեծանիվով, ճանապարհին կորցրել էին ադամանդե վզնոցը․ «ծերունի կողոպտիչների» խումբը դատարանի առաջ կկանգնի

Երկուշաբթի օրը Փարիզում սկսվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի դատավարությունը՝ կողոպուտի գործով։ Այս մասին հայտնում է BBC-ն։  2016 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նրանից գողացել են մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանի, որը նվիրել էր նրա այն ժամանակվա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ Դատավարությունը կտևի մինչև մայիսի 23-ը, իսկ Քարդաշյանը պետք է ցուցմունք տա մայիսի 13-ին։ Ֆրանսիական մամուլը մեղադրյալներին անվանեց «պապիկ ավազակներ», քանի որ նրանց մեծ մասը ծնվել է 1950-ականներին և ունեցել է քրեական անցյալ։ Սկզբում կային 12 մեղադրյալներ, որոնցից մեկն արդեն մահացել է, իսկ ևս մեկը՝ 81 տարեկան, կարող է ազատ արձակվել դատավարությունից՝ պրոգրեսիվող դեմենցիայի պատճառով։ Այժմ հինգ անձ մեղադրվում է կողոպուտին անմիջական մասնակցության մեջ, իսկ վեցը՝ հանցագործությանը օժանդակելու մեջ։ Գլխավոր մեղադրյալը 68-ամյա Աոմար Այթ Կեդաշն է, որը հայտնի է Ծեր Օմար մականունով։

 

Մեկ այլ հիմնական կասկածյալ է 69-ամյա Դիդիե Դյուբրեյը, որը հայտնի է  «Կապույտ աչքեր» անունով։ Հետաքննիչների տվյալներով՝ սա երկրորդ մարդն է, որը ներխուժել է Քարդաշյանի սենյակ։ Հետաքննիչները կարծում են, որ 71-ամյա Յունիս Աբբասը հերթապահություն էր կատարում նախասրահում, մինչ նրա հանցակիցները բարձրացել էինՔարդաշյանի սենյակ։ Ավելի ուշ նա փորձել է գումար վաստակել հանցագործությունից՝ գրելով «Ես առևանգեցի Քիմ Քարդաշյանին» վերնագրով գիրք։ Այնտեղ նա խոստովանել է, որ Քարդաշյանին կողոպտելը պետք է լիներ իր վերջին «աշխատանքը» «թոշակի անցնելուց» առաջ։  

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանների հագուստով հինգ տղամարդ ներխուժել են Մադլեն թաղամասի բարձրակարգ հյուրանոց՝ Hôtel de Pourtalès։ Զենքի սպառնալիքով նրանք ձեռնաշղթաներով կապել են դռնապանին և ստիպել են նրան իրենց հետ բարձրանալ Քարդաշյանի սենյակ. նրանց թարգմանիչ էր պետք։ Աստղը պառկած էր իր մահճակալին՝ հանգստանալով Նորաձևության շաբաթվա միջոցառումներից հետո։ Լսելով ոտնաձայներ՝ նա նախ զանգահարել է քրոջը՝ Քորթնիին և ոճաբան Ստեֆանիին, և երբ նրանք չեն պատասխանել, նա խուճապի է մատնվել  և զանգահարել է 911՝ չիմանալով, որ այդ համարը գործում է միայն ԱՄՆ-ում։

 

Մինչ նա կանչել է իր թիկնապահ Պասկալ Դյուվիեին, որը քրոջը ուղեկցել էր ակումբ, կողոպտիչները ներխուժել են նրա տուն։ Նրանք վերցրել են մատանին և մի քանի այլ զարդեր, ինչպես նաև 1000 եվրո կանխիկ, հեռուստաաստղին կապել են պլաստիկե ժապավենով և թողնել լոգարանում։ Կողոպտիչները նույնիսկ մեքենա չեն ունեցել և դեպքի վայրից փախուստի են դիմել ոտքով և հեծանիվով։  Քարդաշյանին հաջողվել է ազատվել կապանքներից, երբ  հայտնվել է անվտանգության աշխատակիցը։ Աստղը ցուցմունք է տվել ֆրանսիական ոստիկանությանը և վաղ առավոտյան վերադարձել Միացյալ Նահանգներ։ Ինչպես նա հետագայում խոստովանել է «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի ժամանակ, այդ գիշեր նա վախենում էր իր կյանքի համար։ Ավելի ուշ նա ասել է, որ կողոպուտը իրեն «ավելի քիչ նյութապաշտ է» դարձրել։

 

Անհաջողակ ավազակներ

 

«Քիմը և պապիկ ավազակները» գրքի հեղինակ Պատրիսիա Տուրանչոն ասում է, որ ցնցված է «Փարիզի արվարձաններից եկած հին ոճի գողերի և համաշխարհային սոցիալական ցանցերի աստղի միջև բախումից»։ Նա նրանց անվանում է տարեց անհաջողակների խումբ, ովքեր միշտ սնանկ են եղել: Նրանք և՛ 60-ականներին, և՛ 70-ականներին թալանել են բանկեր ու փոստային բաժանմունքներ, ապա անցել են թմրանյութերի առևտրի և զարդերի վաճառքի, քանի որ դա ավելի հեշտ էր։ 2017 թվականի հունվարին՝ կողոպուտից երեք ամիս անց, Աբբասը և նրա ենթադրյալ հանցակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Նրանք սկզբից մի քանի սխալներ են թույլ տվել։ Նախ, նրանք հաշվի չէին առել հսկողության տեսախցիկները, որոնցից այդ ժամանակ Փարիզում շատ կային, և երկրորդ՝ ԴՆԹ-ի միջոցով հանցագործներին հետևելու մեթոդների առաջընթացը։ Երբ նրանք հեծանիվով փախչել էին հանցագործության վայրից, Աբբասը ընկել էր և գցել զարդերով լի պայուսակը։ Միևնույն ժամանակ,ընկել էր նաև  ադամանդե վզնոցը, որը հաջորդ օրը գտել էր մի անցորդ, որը լուրերից է տեղեկացել, թե ինչ է գտել։

Դա միակ բանն էր, որը Քարդաշյանին հաջողվեց վերադարձնել կողոպուտից հետո։  

Վերլուծական