Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Զորուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը: Նա մասնավորապես նշել ՝ եթե ԲԴԽ-ն հաստատի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ապա կհաստատի, որ սպասարկում է գործադիր իշխանության շահերը:
«Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ
1. Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել,
2. Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով,
3. մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել,
4. դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք,
5. ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը....
ԵՒ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։
Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։
Հ.գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը»,- գրել է Լուսինե Սահակյանը: