Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները: