Հետևեք մեզ։

Սոցհարցման արդյունքի մեսիջը․ ի՞նչ պետք է անել

18:11, 05 սեպտեմբեր 2025
Սոցհարցման արդյունքի մեսիջը․ ի՞նչ պետք է անել

«GALLUP»-ը հրապարակել է 1101 քաղաքացու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները՝ «ում կընտրեին, եթե կիրակի օրն ընտրություններ լիներ» հարցի վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների՝ առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի․ ՔՊ, Սամվել Կարապետյանի ուժ, «Հայաստան» դաշինք, Գագիկ Ծառուկյանի ուժ և ՀՀԿ։

Ի՞նչով է հետաքրքիր հարցման այս արդյունքը և ի՞նչ է նշանակում․

Ի տարբերություն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, երբ երկբևեռ էր քաղաքական դաշտը, հիմա այլ է՝ քաղաքական ներկապնակում գույները միայն սև ու սպիտակ չեն։ Ընտրություններին մեկ տարուց ավելի քիչ ժամանակ է մնացել, և այս արդյունքը վկայում է, որ քաղաքական պայքարն ընթանալու է այս ուժերի ու այս դեմքերի միջև, հետևաբար քաղաքացին այս անուններից էլ ակնկալիք ունի իր ու իր երկրի համար։


Հասարակությունը «քարտ բլանշը է» տալիս այն մարդկանց, ում անունները թվարկել է․ եթե պարզ ասենք՝ գնդակն այս ուժերի դաշտում է։

Տարբեր քաղաքական ուժերի մատնանշումը վկայում է, որ մարդիկ մեկ ուժի կամ մեկ մարդու մեջ չեն տեսնում իրենց ապագան, մեկ մարդու չէ, որ հարցեր ունեն ու պատասխան են ակնկալում, մեկ մարդը կամ մեկ ուժը չէ, որ կարող է իրավիճակ փոխել երկրում։ Սա նաև փաստում է, որ 2026-ին, ի տարբերություն 2021-ի, գրագետ ընտրություններ են լինելու։ Քաղաքական ուժերն ու ազդեցիկ անձինք մեծ, խորքային ու բազմաշերտ աշխատանք ունեն անելու․ պետք է դուրս գալ հնում մնացած չափորոշիչներից, լսել քաղաքացուն, հասկանալ, թե որն է քաղաքացու խնդիրը և լուծում առաջարկել և անկեղծորեն հավաստիացնել քաղաքացուն, որ իրենց առաջարկի մեջ է լուծման բանալին։

Սոցհարցման այն հասցեատերերը կշահեն, ովքեր ճիշտ ախտորոշում կկատարեն։

Այս հարցումների արդյունքներում ներգրավված են նաև ուժեր, որոնք երբեք չեն խախտել հանրային խոսքի կարմիր գիծը, իսկ քաղաքացիները դա նկատել են և դե ֆակտո լուծում են պահանջում նաև նրանցից։

Այս պատկերը սակայն բացասական ազդակ է բոլոր նրանց, ովքեր խաղացել են հասարակության նյարդի հետ։

Ուրեմն, պետք է քաղաքացուն ընտրության հնարավորություն տալ դուրս գալ կաղապարված քննարկումների ու փոխադարձ մեղադրանքերի դաշտից, դադարեցնել արձանագրել անցյալը և առաջարկել նոր բան, առաջարկել նորն այն ամենի վրա, ինչ ունենք։ Քաղաքացու կողմից հենց այդ առաջարկների գնահատումն էլ կձևավորի քաղաքական սանդղակն ընտրություններից հետո։

Վերլուծական