Համացանցում այսօր հայտնվել է տեսանյութ, որում երկու որդիների հետ «որպես անհայտ կորած որոնվող» կինը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ հայտնել, որ ինքն ու երեխաներն անհետ կորած չեն, այլ թաքնվել են նախկին ամուսնուց։
«2020 թվականի մարտի 19-ին իմ ամուսինը, նախկին 6-րդ վարչության աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը, գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, մեր բնակարանում իմ և երկու անչափահաս երեխաներիս ներկայությամբ կրակահերթ է արձակել АК-74 տեսակի ինքնաձիգից և իմ աչքի առաջ սպանել է իմ հորը՝ 47-ամյա Արթուր Շավարշի Մարգարյանին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «Սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»: Սակայն սպանությունը կատարած անձը քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում երկու տարի անցկացնելուց հետո հայտնվել է ազատության մեջ:»
Լիանա Մարգարյանը հայտնել է, որ մինչև դատաքննության ավարտը ազատության մեջ գտնվող իր նախկին ամուսինը բազմիցս սպառնացել և ահաբեկել է Լիանայի քրոջը, մորը, տատիկին և այլ անձանց: «Ունեմ տեղեկություններ, որ Գոռի հարազատ եղբայրները և մայրը նույնպես դիմել են թե՛ ոստիկանություն, թե՛ դատախազություն, և այս պահին կան հարուցված նոր քրեական գործեր, քանի որ իր իսկ ընտանիքի անդամներին է սպառնացել՝ ելնելով ֆինանսական պահանջներից, կտակի և ժառանգության շուրջ վեճերից»:
Կինը բացատրում է, որ հիմքեր ունի վախենալու թե՛ իր, թե՛ իր երեխաների կյանքի և անվտանգության համար:
Մանրամասները՝ տեսանյութում․