2022 թվականի սեպտեմբերի 13․ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենալայնածավալ ռազմական ագրեսիան։Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 00։05-ից հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառել է նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութ գյուղում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, տարհանվել են կանայք ու երեխաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքել է տեղակայման վայրը։
Սեպտեմբերի 14-ին հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով՝ հարվածելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Գիշերը նաև ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ Ջերմուկի ուղղությամբ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմը սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով ունեցել է 224 զոհ։
Հայաստանը կորցրել է 64 քառակուսի կիլոմետր Ջերմուկում, 10՝ Գեղարքունիքում և շուրջ 20՝ Սյունիքում։ Ըստ ՏԿԵ նախարարության տվյալների՝ Հայաստանի երեք մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։