Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 15 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հաղորդում է Տեղեկատվական շտաբը:
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել միջոցառման: Օպերատիվ վերլուծելով իրավիճակը, առկա հավանական բարձր ռիսկերը՝ նույն օբյեկտում հետագա նման դեպքերը կանխարգելելու նպատակով Կոմիտեի նախագահի հանձնարարականով սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետն այցելել է տվյալ հանրային սննդի կազմակերպություն, ներկայացրել հնարավոր ռիսկերը, վտանգները և կասեցրել խոհանոցի գործունեությունը։
Փետրվարի 27-ին, Կոմիտեի տեսուչների կողմից տվյալ հանրային սննդի կազմակերպությունում իրականացվել է դիտարկում: Ընկերության բոլոր 12 աշխատողների սանիտարական գրքույկները ժամկետանց լինելու պատճառով կայացվել է որոշում նրանց աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ, տրվել է հանձնարարական խախտումը վերացնելու և տեսչությանը հայտնելու մասին։
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով կատարվել են նմուշառումներ։
Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից դիտարկումներ են իրականացվել նաև հումքի մատակարար ընկերություններում, որտեղ խախտումներ չեն արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի հետ կապված թունավորման դեպք է արձանագրվել 27 անձանց մոտ, ովքեր սննդից օգտվել են փետրվարի 23-ին:
Ընկերության գործունեությունը կթույլատրվի շարունակել միայն արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև փորձնական արտադրանքի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում օրենքի համապատասխանությունը փաստվելուց հետո։