Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն կայացրել է Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցնելու որոշում։ Թունավորման դեպք է արձանագրվել 27 անձանց մոտ, ովքեր կազմակերպության սննդից օգտվել են փետրվարի 23-ին: Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել միջոցառման: Օպերատիվ վերլուծելով իրավիճակը, առկա հավանական բարձր ռիսկերը՝ նույն օբյեկտում հետագա նման դեպքերը կանխարգելելու նպատակով Կոմիտեի նախագահի հանձնարարականով սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետն այցելել է տվյալ հանրային սննդի կազմակերպություն, ներկայացրել հնարավոր ռիսկերը, վտանգները և կասեցրել խոհանոցի գործունեությունը։