Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի Հարավային Կովկաս: Այցը սպասվում է հաջորդ շաբաթ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Բոնոյի այցերը կլինեն կանոնավոր:
«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Նա կայցելի բոլոր երեք երկրները՝ Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը: