Հետևեք մեզ։

Չնայած Հաագայի դատարանի կայացրած որոշմանը՝ Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը․ սա իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի․ Նիկոլ Փաշինյան

21:11, 03 մարտ 2023
Չնայած Հաագայի դատարանի կայացրած որոշմանը՝ Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը․ սա իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի․ Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

 

Շատ ուրախ եմ այստեղ լինելու և ձեզ տեսնելու համար, որովհետև կարծում եմ` շատ հարցեր կան, որոնք կցանկանայինք քննարկել այսօր։ Հուսով եմ, որ այսօր կունենանք բաց և կառուցողական քննարկում։

 

Դուք ընդգծեցիք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում առկա է նոր գործոն, և այդ գործոնը ԵՄ-ի մշտադիտարկող առաքելությունն է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ես առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ԵՄ-ին` այս որոշումն ընդունելու համար։ Այդ որոշումը եղել է Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքը, երբ կարճաժամկետ առաքելությունը ժամանեց: Դրանից հետո մենք դիմեցինք երկարաժամկետ առաքելության համար և շնորհակալ ենք ԵՄ-ին այդ որոշումը կայացնելու համար։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով։ Դժբախտաբար, չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄԴ-ի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը, մասնավորապես, երբ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և հարկավոր է միջազգային արձագանք։

 

Իմիջիայլոց, ի՞նչն է այս համատեքստում շատ կարևոր․ արդեն ավելի քան 80 օր է, որ Լաչինի միջանցքը փակ է, և այս ընթացքում Ադրբեջանը պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, բաց է: Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը շատ կարևոր է այս հարցին պարզաբանում տալու համար, քանի որ դատարանը նշեց, որ Լաչինի միջանցքը փակ է և պետք է բացվի։

 

Իմ այցի ընթացքում ես լսեցի որոշ կարծիքներ, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային մշտադիտարկող կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը և տեսնելու` ինչ է կատարվում այնտեղ, քանի որ դա մի ճգնաժամ է, որը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների, այն կարող է վերածվել հումանիտար աղետի։ Կարծում եմ` մենք միասին պետք է աշխատենք` թույլ չտալու, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։

Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչու է Ադրբեջանը դա անում։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը։

 

Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն: Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման։