Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա պնդմամբ՝ տարածքային կորուստների մասին լուրերը սուտ են:
«Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Դիվերսիայի հետևանքով տարածքային կորուստներ չունենք․ ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել. Արցախի պետնախարար
22:29, 05 մարտ 2023