Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»,- ասված է մեկնաբանության մեջ:
Մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Shamshyan.com լրատվական կայքը հայտնել է, որ Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։