Հետևեք մեզ։

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ

10:33, 07 հուլիս 2026
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:

 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները