Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արշավախումբը պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։
«Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած այս տարվա արշավը կենտրոնացած էր հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրության վրա՝ նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը»- հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ ընդգծելով, որ Շամիրամը բացառիկ բազմաշերտ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, ընդարձակ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։
Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում