Հետևեք մեզ։

Ծառուկյանն ինձ ասաց` ցավդ էլ տանեմ, ունես մարդու հետ անցած ճանապարհ, մեջքից չես խփում. Քրիստինա Վարդանյանը հետաքրքիր դրվագի մասին է պատմել

18:34, 07 հուլիս 2026
Ծառուկյանն ինձ ասաց` ցավդ էլ տանեմ, ունես մարդու հետ անցած ճանապարհ, մեջքից չես խփում.  Քրիստինա Վարդանյանը հետաքրքիր դրվագի մասին է պատմել

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.

«Այսօր շատերն են գրում Գագիկ Ծառուկյանի մասին։ Ես չեմ խոսելու քաղաքականության, քննության կամ դատական գործընթացների մասին։ Դա իրավապահների տիրույթն է։ 

 

Կպատմեմ միայն մի պատմություն, որի անմիջական մասնակիցն եմ եղել։

 

2021 թվականին, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն էր սկսվել, ես Երևանի ավագանու անդամ էի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Որոշում էր ընդունվել, որ նախագծին խմբակցությունը կողմ է քվեարկելու։ 

 

Սակայն այդ ժամանակ ես արդեն 2 տարի աշխատում էի Հայկ Մարությանի հետ՝ Երևանի բնապահպանական ոլորտում բարեփոխումների վրա, և հասկանալի էր, որ չեմ կարող քվեարկել մի մարդու դեմ, որի հետ անցել եմ այդ ճանապարհը, մշտապես ունենալով միայն աջակցություն։ Այդ ամբողջ ընթացքում նաև Գագիկ Ծառուկյանը երբեք չի միջամտել մասնագիտական աշխատանքիս։ Ամենը հանուն ԵՐԵՎԱՆԻ ԷՐ…

 

Խնդրի հետ կապված, հանդիպում խնդրեցի Գագիկ Ծառուկյանի հետ։ Միանգամից ստացա դրական պատասխան և խմբակցության ղեկավարի՝ Միքայել Մանրիկյանի հետ միասին գնացինք նրա մոտ։

 

Սեղանին դրեցի մանդատս և ասացի. «Ես չեմ կարող կողմ քվեարկել իմպիչմենտին, չեմ ուզում նաև իմ որոշմամբ խնդիր ստեղծել խմբակցության համար և պատրաստ եմ վայր դնել մանդատս»։

 

Գագիկ Ծառուկյանը ուշադիր լսեց ինձ և պատասխանեց. «Ցավդ էլ տանեմ։ Ճիշտը մեկն է։ Ունես մարդու հետ անցած ճանապարհ, մեջքից չես խփում։ Մանդատդ վերցրու, այն քոնն է»։

 

Նիստի նախօրեին հրավերով մեկնեցի Կազան, այնտեղ պետական համալսարանում  կազմակերպված էր մեծ միջազկային սեմինար, ես հրավիրված բանախոս էի և չմասնակցեցի քվեարկությանը։ 

 

Այս պատմությունը պատմում եմ այսօր, որովհետև այն կարևոր եմ համարում՝ մարդկային երախտագիտությունը ժամանակ չի ընտրում։

 

Եթե մարդը քո կյանքի կարևոր պահին քեզ հնարավորություն է տվել վարվել խղճիդ համաձայն, կարծում եմ՝ ճիշտ է այդ մասին խոսել նաև այն ժամանակ, երբ նա դժվար օրեր է ապրում։

 

Այս գրառումը քաղաքականության մասին չէ, այլ պարզապես կյանքիցս մի դրվագն է, որը չեմ մոռանում։ Ի վերջո, ինձ համար քաղաքականությունը երբեք մարդկայինից ավելի բարձր չի դասվելու։ Սա սկզբունք է։

 

Ամենակարևորը միշտ ՄԱՐԴՆ Է…
Ինչպես այն օրը ինձ ասաց Գագիկ Ծառուկյանը. «Ճիշտը մնում է ճիշտ, բժիշկ ջան»…

 

Ասեմ նաև, որ ես Երևանի Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ եմ, պայմանավորվածություն ունեմ և վաղը գնալու եմ Այգի, որ տեսնեմ տեղափոխված կենդանիների վիճակը, որոնց ավելիրդ անգամ սթրեսի ենթարկելն ինձ համար անընդունելի է…»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները