Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել: Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները՝ քննարկման հարց է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործման, չկիրառվի: Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ ուզում է հիշեցնել՝ այդ թեմայով ՀՀ-ն, մեղմ ասած շահագրգռություն ունի, որովհետև Արծվաշեն գյուղն էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ՀՀ ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագված սկզբունքների:
«Այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա: Տաբերակ 1. որ տարածքը՝ որևէ անկլավի կամ էքսկալվի, անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք, օրինակ՝ համարժեք տարածքները սահմանի երկայնքով, համարժեք տարածությամբ, այսպես ասած փռել, կամ կոնկրետ տեղանքներով իրականացնել փոփոխություններ»,-,մանրամասնել է նա և նշել, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով պետք է այդ թեմային անդրադառնալ:
Փաշինյանն ասել է, որ աշխատանքի ընթացքում, մեկ-մեկուկես ամիս առաջ մի նրբություն է նկատել և ներկայացրել է՝ ինչ նրբություն:
«Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը, որպես անկլավ արձանագրված է: Սա շատ կարևոր նրբություն է և կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով, համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք:
Դա է բխում այն պայմանավորվածություններից և նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի, ընտրություններով արժանացել է հավանության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ադրբեջանական դրամի և անձնագրերի մեջ Արծվաշենը նշված է այլ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք:
Նա շարունակել է խոսել թեմայի մասին, ասելով՝ դա շատ էական փաստ է, այդ թվում՝ քաղաքականություն, վերաբերմունք և դիրքորոշումներ մշակելիս:
«Սա ազդարարում է հետևյալը՝ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե այն տրամաբանությամբ, որ ով ինչ առել է վերահսկողության տակ, նշանակում է՝ իրեն է պատկանում, այլ պետք է առաջնորդվենք խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ»,-ասել է Փաշինյանը: