Հետևեք մեզ։

ՀԿ-ները դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը․ հայտարարություն

16:31, 09 հուլիս 2026
ՀԿ-ները դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը․ հայտարարություն

Քաղաքացիական հասարակական մոտ տասը կազմակերպություն հայտարարություն է տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը։

«Ընդգծում ենք, որ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած վարքագիծ պետք է քննվի օրենքով սահմանված մեխանիզմների շրջանակում՝ ապահովելով վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

Միաժամանակ, իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ՝ բացառելով քաղաքական ազդեցությունն ու երաշխավորելով հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի և անհամաչափ ուժի գործադրումը այն պայմաններում, երբ նրա կողմից դիմադրություն չէր ցուցաբերվում։

Պահանջում ենք՝

հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական և իրավապահ մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցությունից,
Քննչական կոմիտեից և Դատախազությունից՝ ապահովել անկախ, արդյունավետ և անաչառ քննություն,
երաշխավորել վարույթում ներգրավված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը,
քննություն նախաձեռնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման դեպքով և պատասխանատվության ենթարկել ներգրավված անձանց,
իրավապահ մարմիններից՝ բացառել ոչ իրավաչափ, անհարկի և անհամաչափ ուժի կիրառումը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկն՝ այստեղ։
 


Վերլուծական

Ամենաընթերցվածները