14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է Երևանի կենդանաբանական այգին 2023-ին արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն. սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվել է առանց հանրային պատշաճ իրազեկման։ Հայտնում է EVN report-ը։
Պարզվել է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ Երևանի քաղաքապետարանից էկոլրագրողին պատասխանել են նաև, թե նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Կենդանաբանական այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար իրենք մեղավոր չէին։
«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում»,- ընդգծում է էկոլրագրողն իր ծավալուն հոդվածում։
Նա նաև ծավալուն ուսումնասիրություն է արել «Վանտարա» կենտրոնի մասին, որին նվիրաբերվել էին կենդանիները։ Պարզվել է՝ սա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մեծ նախագիծն է։ «Վանտարան» (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») 3000 ակր տարածքով մի հսկայական «ոսկե վանդակ» է Ջամնագարում։ Մուկեշ Ամբանին տարիներ շարունակ գլխավորում է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը տատանվում է 110-115 միլիարդ դոլարի սահմաններում։
Ամբանիների տունը` 2 միլիարդ դոլար արժողությամբ, աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր բնակավայրն է։ Այն ունի 27 հարկ և 600– հոգանոց սպասարկող անձնակազմ։
Միջազգային քննարկումներում հաճախ է նշվում, որ «Վանտարան» ագրեսիվ կերպով հավաքագրում է կենդանիներ ամբողջ աշխարհից՝ ստեղծելով աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը։
Մարիամ Տաշչյանը գրում է, որ հնդկական «փրկարարական» կենտրոնը, պարզվում է, կենդանիներ է ներկրում ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից կամ կենդանաբանական այգիներից, այլ կենդանիների հազվագյուտ տեսակների առևտրով զբաղվող հայաստանյան առևտրային ընկերությունների ցանցից:
Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։ EVN Report-ն այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել` ներկայացնելով ուշագրավ բացահայտումներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։