Ryanair ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական անսարքության է բախվել Սալոնիկի «Մակեդոնիա» միջազգային օդանավակայանից թռիչքի ժամանակ: Անհայտ պատճառով թռիչքի ընթացքում հանկարծակի կոտրվել է պատուհանը, ինչի հետևանքով դրա կողքին նստած ուղևորը մասամբ հայտնվել է օդանավից դուրս և ստացել վնասվածքներ ու այրվածքներ: Միջադեպի մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը՝ հղում անելով ռուսական ТАСС գործակալությանը:
Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Սալոնիկից դեպի գերմանական Մեմինգեն քաղաքի օդանավակայան։ Ուղևորների պատմելով՝ թռիչքից մի քանի րոպե անց, երբ օդանավն արդեն օդում էր, ուժգին աղմուկ է լսվել, որից հետո լուսամուտը կոտրվել է։ Պատուհանի մոտ նստած Հունաստանի 60-ամյա քաղաքացուն քամու հոսանքը կիսով չափ դուրս է քաշել օդանավից։
Տղամարդու կողքին նստած ուղևորներին հաջողվել է նրան պահել ինքնաթիռի ներսում։ Օգնել են նաև ամրագոտիները, որոնցով նա կապված է եղել։
Օդանավում խուճապ է սկսվել, ավտոմատ կերպով դուրս են թափվել թթվածնային դիմակները։ Օդաչուները հանգստացրել են ուղևորներին և որոշում ընդունել ինքնաթիռը վերադարձնել Սալոնիկի օդանավակայան։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա շոկային վիճակում է, նրա մոտ ախտորոշվել են պարանոցի խնդիրներ, քերծվածքներ, ինչպես նաև այրվածքներ, որոնք ստացվել են կոտրված պատուհանին քսվելու հետևանքով։
Մյուս ուղևորները, որոնց մեծ մասը չի տուժել, ավելի ուշ մեկ այլ չվերթով շարունակել են ճանապարհը դեպի Գերմանիա։
Նախնական տեղեկություններով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ թռիչքի ժամանակ շարժիչից պոկված բեկորը, որը վնասել է լուսամուտը։ Միջադեպի փաստով կատարվում է քննություն։