Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի տան, նրան պատկանող տարածքներում և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում Քննչական կոմիտեն իրականացրել է խուզարկություններ։ Հայ-իրանական առևտրային պալատին առնչվող վարույթով Գագիկ Ծառուկյանին կալանավորել են երկու ամսով, սակայն ըստ պաշտպանների՝ նա այդ վարույթով պետք է տուժող ճանաչվեր։ Այս ամենից զատ հանրության ուշադրության կենտրոնում նաև կենդանիներն են, որոնց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում։ Պետությունը մեկ օր չկարողացավ պահել Գագիկ Ծառուկյանի այգու էգ առյուծին․ կենդանին անկեց հարազատ վանդակից հեռացվելուց հետո՝ ժամեր անց։ Թե ի՞նչ առնչություն ունեն կենդանիները աղմկահարույց վարույթի հետ և այս առնչությամբ ի՞նչ ծրագրեր ունի Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը, Hayastan.news-ը զրուցել է նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանի հետ։
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ առնչություն ունեն Գագիկ Ծառուկյանի այգու կենդանիները նրան առնչվող վարույթի հետ, ինչո՞ւ են առգրավվել կենդանիները, ինչու՞ է դատարկվում այդ այգին։
- Նախ վայրի կենդանիներն առհասարակ այդ վարույթի հետ կապ չունեն, երկրորդն էլ գործարանների, հիմնարկ-ձեռնարկությունների ստուգումները, կապարակնքումները, այդ թվում նաև կենդանիների առգրավումները ուղղակի այս ճնշումների շարունակությունն են կազմում։ Ասեմ ավելին, մարդկանց մոտ տպավորություն է, թե այդ կենդանիներն իրենց ոտքով, սահմանն ապօրինի հատելով՝ եկել են ու հանգրվանել են Առինջ գյուղում։ Այնինչ, իրականությունը լրիվ այլ է։ Տեսեք՝ կենդանիները բացառապես օրինական ճանապարհով ներմուծվել են Հայաստան, մաքսային ծառայություններում կատարվել են մաքսային բոլոր գործողությունները, իսկ այդ փաստաթղթերն առկա են նաև Պետական եկամուտների կոմիտեում։
Բացի դրանից, երբ պարոն Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն նվիրում էր սպիտակ առյուծ, զեբրեր, սպիտակ արջ ու այս ցանկը շարունակական է, այդ ժամանակ որևէ մեկը չգիտե՞ր, որ պարոն Ծառուկյանը նման նախասիրություն ունի և շուրջ երեսուն տարի է կենդանիներ է պահում։ Ի դեպ, այդ կենդանիները պահում է հարյուր անգամ լավ, քան կենդանիները կարող են պահվել Կենդանակաբանական այգում։
-Քննչական կոմիտեն հայտնել է, որ Էգ առյուծի անկման փաստի առթիվ առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա կդարձվի այն նույն քրեական վարույթով, որով ՔԿ-ն իրեղեն ապացույց է ճանաչել առյուծին։ Իսկ պաշտպանական թիմը կենդանու անկման փաստի առթիվ ի՞նչ գործողություններ է անելու։
-Մենք առյուծի մասով իրավական պրոցես նախաձեռնելու ենք, որովհետև, պետք է պարտադիր հասկանանք, թե ի՞նչ պատճառով, ո՞ւմ սխալի, կամ անփութության պատճառով, կամ միգուցե հանցավոր դիտավորության պատճառով է, որ առյուծն անկել է։
-Նաև կոկորդիլոսների հարցն է լուրջ․ Կենդանաբնական այգու կոկորդիլոսի երկու սենյակում են տեղավորել Գագիկ Ծառուկյանի այգու ինը կոկորդիլոսին․ այստեղ ևս կենդանիներին վտանգ չի՞ սպառնում, կամ կա իրավական հենք։
-Տարբեր ուղղություններով իրավաբանական պրոցեսներ սկսելու ենք, ինչ վերաբերում է կոկորդիլոսներին փոքր վայրում պահելուն, կրկնեմ՝ պարոն Ծառուկյանի կենդանիների պահման վայրը 100 անգամ ավելի լավն է, նրանց ավելի լավ են նայում և խնամում, քան Կենդանաբանական այգում
-Իսկ կա՞ վարույթ, որ առնչվում է այդ կենդանիներին, ինչ բացատրություն ունեն իրավապահները
-Մենք մի քանի օր առաջ առիթ ունեցել ենք խոսելու, որ տարբեր գործեր մեկ օրում ակտիվացել են, այդ թվում նաև 2020-ին Կոտայքի քննչական բաժնում հարուցված գործը, որը շատ դանդաղ էր քննվում։ Սակայն, այժմ միանգամից հիշեցին, որ վարույթ կա և պետք է ջանասիրաբար քննեն հարուցումից վեց տարի անց։
-Հանրության քննարկման առարկա են նաև խրտվիլակները․ այս մասով ի՞նչ տեղեկություններ ունեք, և որտեղից են բերվել այդ խրտվիլակները, երբ են հասել այդ վայր։
-Տարիներ առաջ այդ խրտվիլակների սենյակը քննչական մարմնի կողմից զննության ենթարկվել է, այդ ժամանակ հայտարարել ենք, որ դրանք դեռևս 90-ականներին են կատարվել, և երբ տեղերը լրացել է, որևէ որս չի կատարվել։ Ի վերջո, այդտեղ մեծամասամբ այնպիսի կենդանիներ են, որոնք Հայաստանում հնարավոր չէ որսալ, այդ խրտվիլակներն էլ օրինական ճանապարհով են բերվել Հայաստան։ Ես կարող եմ հիշել, որ մենք մեր ասածները հիմնավորով բազմաթիվ փաստաթղթեր գտանք տարբեր լեզուներով և ներկայացրեցինք իրավապահ մարմիններին։