Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի գլխավորությամբ, և ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Սառա Գ.-ն և 39-ամյա Սամսոն Գ.-ն հայտնել են, որ հուլիսի 12-ին, ժամը 21։00-ի սահմաններում, շան հաչելու հետ կապված վիճաբանություն է ծագել շան տիրոջ և Սամսոն Գ.-ի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։