Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ամբողջ կազմով՝ 14 անդամով, այս անգամ ևս չէր ներկայացել Գյումրու ավագանու նիստին

16:01, 15 հուլիս 2026
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ամբողջ կազմով՝ 14 անդամով, այս անգամ ևս չէր ներկայացել Գյումրու ավագանու նիստին
Գյումրիում կայացավ ավագանու արտահերթ նիստը. հաստատվեցին 2027թվականի սուբվենցիոն հայտերը
Մեկ անգամ չկայանալուց հետո, այսօր՝ հուլիսի 15-ին, կայացել է Գյումրու ավագանու արտահերթ նիստը։ Քվորումն ապահովված էր քաղաքային իշխանության մաս կազմող 4 խմբակցությունների կողմից. նիստին ներկա էր ավագանու 18 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ամբողջ կազմով՝ 14 անդամով, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չէր ներկայացել նիստին։
Այսօրվա օրակարգը կենսական նշանակություն ուներ քաղաքի համար, քանի որ ավագանին պետք է հավանություն տար քաղաքի հաջորդ տարվա՝ 2027 թվականի սուբվենցիոն խոշոր ծրագրերի իրականացմանը։
Ավագանին կողմ քվեարկեց հաջորդ տարի ավելի քան 7 միլիարդ դրամ արժեքով 3 խոշոր սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Նախատեսվող աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 7,5 միլիարդ դրամ, որի 60%-ը (մոտ 4.5 միլիարդ դրամ) կֆինանսավորվի տեղական բյուջեից, իսկ մնացած մասը՝ պետական աջակցությամբ։
 
 
Այդ ծրագրերն են՝ քաղաքի թվով 48 փողոցների և Ավտոկայանի հրապարակի հիմնանորոգում, Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերակառուցում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաշենքի կառուցում։
Նիստի ընթացքում որոշումներ կայացվեցին նաև մի շարք այլ ֆինանսական հատկացումների վերաբերյալ։
4 միլիոն դրամ կուղղվի համայնքային նախադպրոցական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ ձեռք բերելուն։
Ավելի քան 721 հազար դրամ հատկացվեց «Անուլիկ» մանկապարտեզին՝ խոհանոցային կահավորում և կենցաղային տեխնիկա գնելու նպատակով։
1 միլիոն 861 հազար դրամ հատկացվեց Մերկուրովի անվան նկարչական դպրոցին, Մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցին և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցին՝ ընթացիկ վերանորոգման նյութեր ձեռք բերելու համար։
803 միլիոն դրամ էլ կհատկացվի Շիրակշին 3-րդ բանավանի 2-րդ մոդուլի տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացմանը։
200․000 դրամ ֆինանսական աջակցություն սահմանվեց տնակի հրդեհից տուժած քաղաքացի Մարիետա Բադոյանին։
 
Ավագանին կողմ քվեարկեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող առանձնացված հողամասերը մրցույթով՝ կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային վարձավճարներ սահմանելու որոշմանը։
Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ էլեկտրոնային աճուրդների համակարգին անցնելու պատճառով հողամասերի վաճառքներ չէին իրականացվում, սակայն այս պահին խնդիրն արդեն ամբողջությամբ կարգավորված է։
Անդրադարձ կատարվեց նաև օրակարգից դուրս մի քանի հարցի։ Վերջին շրջանում լայն տարածում են գտել քաղաքում՝ դիտահորերի կափարիչների պարբերաբար կրկնվող գողությունները։ Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց, որ խնդրի մասին արդեն պաշտոնապես հայտնել են իրավապահ մարմիններին, և վերջիններս զբաղվում են հարցի քննությամբ։ Ավագանու նիստի մանրամասները ավելի ուշ՝ ռեպորտաժում

Վերլուծական

Ամենաընթերցվածները