Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։