Հետևեք մեզ։

Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում. Արցախցի աղջկա ուսուցչուհին ազատման դիմում է գրել. Aravot.am

10:32, 17 հուլիս 2026
Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում. Արցախցի աղջկա ուսուցչուհին ազատման դիմում է գրել. Aravot.am

«Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ․․․ մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի»,- արցախցի 10-ամյա աղջնակի մայրը՝ անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանիելյանն է պատմում «Առավոտին»։

 

Միջադեպը տեղի էր ունեցել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն այսօր ահազանգել էր․ «Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։


Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անուշը որոշ մանրամասներ պատմեց։ Իրենց հետ զրույցում ուսուցչուհին պարզաբանել է՝ իրեն աշխատանքից ոչ թե ազատել են, այլ ինքն է դուրս եկել։ «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում։ Ես այդ երեխային ո՞նց բացատրեմ, ո՞նց ասեմ՝ քո հայրենիքի սիմվոլը մի նկարիր, երբ երեխայի գլխում եւ սրտում դա է, դրա համար էլ նկարել է»,- ծնողներին ասել է նա։ Դեպքը եղել է այսպես․ երեկոյան նախապատրաստական աշխատանքներն ուսուցչուհին ավարտում է եւ գնում տուն։ Առավոտյան կանուխ զանգահարում են, թե երեխաներից մեկի աշխատանքը չկա։ Գալիս է դպրոց եւ պարզվում է՝ տնօրենն է պոկել-տարել։ Դպրոցի տնօրենի հետ զրույցի արդյունքում, նրա սենյակից «մի քիչ էլ զոռով» ուսուցչուհին վերցնում է նկարը եւ այն փակցնում նախկին տեղում։ Ուսուցչի համառությունը հաղթում է, նկարը ցուցահանդեսում ցուցադրվում է, իսկ 10-ամյա արցախցի աղջնակն այլեւս այդ դպրոցում չի ուսանի։ Քանի որ, ըստ մասնագետների, լավ տվյալներ ունի, ծնողներն այլ դպրոց կտեղափոխեն երեխային։ Կատարվածը լակմուսի թուղթ է դարձել։ «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գեւորգյանի հետ խոսել չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները