Հետևեք մեզ։

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը, նախնական տեղեկություններով, ջուրն է․ տուժածների մեջ կան երեխաներ

13:48, 17 հուլիս 2026
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը, նախնական տեղեկություններով, ջուրն է․ տուժածների մեջ կան երեխաներ

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։

Նա նշեց, որ նախնական եզրահանգումը տվել են Բյուրեղավանի պոլիկլինիկայից, սակայն այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները տեղում են՝Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում նմուշառումներ կատարելու համար։

«Այս պահին 12 տուժած կա Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։: Հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան»,-ասաց նա։

Մերի Կարապետյանը հայտնեց, որ նախորդ անգամ աղիքային վարակի դեպքերի պատճառը կրկին ջուրն էր, չնայած որ «Վիոլա ջուր» ընկերությունը հերքել էր տեղեկատվությունը։

Ի դեպ, այս անգամ «Վիոլա ջուր» ընկերությունից հայտնեցին, որ ստացել են ահազանգը և իրենց մասնագետներն այս պահին ջրից նմուշառումներ են իրականացնում։

«Այս պահին դեռ տեղեկատվություն չկա, կհաղորդենք, երբ լինեն հետազոտության արդյունքները»,-տեղեկացրին ընկերությունից։

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում Բյուրեղավան համայնքից ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրություններ և հակահամաճարակային միջոցառումներ։

Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

Հատկանշական է, որ ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Հոսպիտալացվալ էր 11 քաղաքացի։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել էին շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնել էին, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները