Հետևեք մեզ։

Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա. ՍԱՏՄ ղեկավար

14:33, 17 հուլիս 2026
Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա. ՍԱՏՄ ղեկավար

ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Աշխատանքները կատարված են, կան համապատասխան կարգավորումներ․ մնում է՝ Եվրամիության շուկա ապրանք արտահանել ցանկացող ընկերությունները դիմեն լիազոր գերատեսչությանը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, գործընթացը սկսելու համար։

Ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշեց, որ այս գործընթացը նոր չէ, այն երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Այսօր պետությունն ու տնտեսվարողները հասել են մի հանգրվանի, որ արդեն գործնականում կարող են կազմակերպել հայկական արտադրության ձկնամթերքի արտահանումը։

«ՍԱՏՄ-ին արդեն պաշտոնապես դիմել է մեկ ընկերություն՝ ԵՄ շուկա հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու համար։ Սակայն հետաքրքրվածները շատ են։ Կարող եմ ասել, որ հանրապետությունում ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկությունը կհրապարակվի  Snund.am  կայքում։

«Որևէ բարդ գործընթաց չկա, առանձնահատուկ փաստաթղթեր չեն պահանջվում։ Դրանք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողներն արդեն իսկ ունեն։ Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո տնտեսվարողների մոտ անցկացվում է աուդիտ։ Եթե բոլոր պահանջներին համապատասխանում են, ապա տվյալ կազմակերպությանը գրանցում ենք TRACES համակարգում, որտեղ ինքնաշխատ ձևով ձևավորվում է կոդ, ինչն էլ փոխանցվում է տնտեսվարողին։ Դա ենթադրում է, որ արդեն տնտեսվարողը կարող է իր արտադրանքն արտահանել ԵՄ ցանկացած երկիր»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Համակարգի կողմից տրված կոդն անժամկետ է, սակայն տեսչական մարմինն, տարին առնվազն մեկ անգամ, այդ տնտեսվարողների մոտ իրականացնելու է ստուգում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները