Հայաստանում նախատեսվում է հնարավորություն տալ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրող կազմակերպության մասնակցությամբ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի որոշ խառը պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է հաստատել այդ պայմանագրերի օրինակելի ձևերը։
Կարգավորումը կվերաբերի ինչպես արդեն կառուցված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի, այնպես էլ կառուցվող գույքը գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերին։
Նոտարական վավերացում չի պահանջվի, եթե պայմանագիրը համապատասխանի Կառավարության հաստատած օրինակելի ձևին, այլ պայմաններ չպարունակի և կնքվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրություններով։
Նոր կարգավորումը կգործարկվի Կադաստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից հետո, բայց որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի։