ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին.
«Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:
Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
▪️ Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»: