Հետևեք մեզ։

Արցախ բերված հումանիտար բեռը պարունակում էր 31 պարկ բոված արևածաղկի սերմ․ նման ծանր պայմաններում հարստացողները պետք է պարսավանքի արժանանան․ ԱՀ պետնախարար (լուսանկարներ)

23:06, 08 մարտ 2023
Արցախ բերված հումանիտար բեռը պարունակում էր 31 պարկ բոված արևածաղկի սերմ․ նման ծանր պայմաններում հարստացողները պետք է պարսավանքի արժանանան․ ԱՀ պետնախարար (լուսանկարներ)

Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակում էր նաև 31 պարկ բոված արևածաղկի սերմ: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ բոլոր նրանք, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան:

«Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման և ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների և ռուս խաղապահների միջև համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու համար:

 

Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակում էր նաև 31 պարկ բոված արևածաղկի սերմ: Թե որ տնտեսվարողը կամ անհատն է փորձել օգուտ քաղել ստեծված իրավիճակից՝ կենսական նշանակության ապրանքը չարամտորեն փոխարինելով արևածաղկի սերմով, պարզ կլինի համապատասխան մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում:

 

Բայց անկախ տեղի ունեցածի հանդեպ իրավական գնահատականից, շատ կարևոր և հիասթափեցնող է հարցի բարոյական կողմը:

 

Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան:

 

Մանրածախ ապրանքների իրացման հետ կապված նոր կարգավորումներին զուգահեռ ուժեղացվելու են նաև ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող ջանքերը և այսուհետ յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվելու է»,– հայտարարել է Ներսիսյանը։