Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը շնորհավորել է՝ դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում:
Վեհափառ Հայրապետը կարևորել է հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանալով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին:
Այնուհետև, նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանն է ներկայացրել առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի հանուն երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգության հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։