Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ» են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։