Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Դեպքի վայր ժամանած իրավապահներին ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին և բարձրախոսով ներկայացել են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Բազմաթիվ զգուշացումներից հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, ում ձեռքին կացին է լինում։
Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։
Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։