Մարտի 12-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում բռնկված հրդեհը դեռ չի մարվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մարտի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 18 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից։
Մարտի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել՝ մթության և դժվարանցանելիության պատճառով: