ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը, չենթարկվելով պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին, այդ կերպ միջամտելով վերջիններիս ծառայողական գործունեությանը։ Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով, նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան և հեռացել նշված վայրից։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Միջնորդությունը բավարարվել է և այսօր՝ մարտի 14-ին, վերջինիս ներկայացվել է մեղադրանք։
Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: