Հետևեք մեզ։

Անվճար ոչինչ չի լինում. ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյան

11:48, 10 օգոստոս 2023
Անվճար ոչինչ չի լինում. ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյան

Անվճար ոչինչ չի լինում՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Եթե որևէ ծառայություն մատուցվում է՝ լինի կրթություն, առողջապահություն, թե տրանսպորտ, ապա դրա վրա կատարվում են ծախսեր. ուսուցիչը, բժիշկը, վարորդը պետք է վարձատրվեն: Բացի աշխատավարձից, նաև այլ ծախսեր կան. առողջապահության համար՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք, տրանսպորտի համար՝ մեքենաներ, վառելիք և այլն, որոնք երկնքից չեն ընկնում:
Եթե հայտարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով:

Դրա համար պիտի լինի հասարակական կոսնսենսուս: Օրինակ, եթե երեխաների կամ հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտն անվճար է, նշանակում է հասարակությունը (ենթադրվում է) համաձայն է նրանց համար վճարել:
Բայց արդյո՞ք համաձայն կլինեն բոլորի համար վճարել:

Չի բացառվում: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ պետական կամ համայնքային բյուջեից (այսինքն՝ հասարակության գրպանից) որևէ ծառայության համար վճարելը՝ նշանակում է ավելի քիչ գումար ունենալ այլ բաների վրա ծախսելու համար (բարեկարգում, ճանապարհաշինություն և այլն): Որովհետև բյուջեն անսպառ չէ:

Վերադառնալով սկզբին՝ ասեմ, որ եթե որևէ մեկը հայտարարում է, որ երկրում այսինչ ծառայությունը լինելու է ամբողջությամբ անվճար, դա կարելի է լիարժեք ճիշտ համարել, եթե նա պատրաստվում է սեփական գրպանից վճարել դրա համար: Այ դա կլինի տարբերվող և իրապես անվճար, թե չէ բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ:
Իհարկե, դա էլ անվճար չի, բայց գոնե այն մարդիկ, ում նման բան են խոստանում, չեն վճարի:

Հ.Գ. - Անկեղծ լինեմ, գրառմանս առիթն այն էր, որ իմ լավ բարեկամ Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ խոստացել է տրանսպորտն անվճար դարձնել:

Բայց գրառմանս ընդհանուր նպատակն այն է, որ մեր հայրենակիցները «անվճար» բառին ՄԻՇՏ վերապահումով մոտենան՝ անկախ նրանից, թե դա հնչում է մե՞ր կողմից, թե՞ այլ քաղաքական ուժերի»,-գրել է Թունյանը։