Կառավարության վաղվա նիստի օրակարգԻ չզեկուցվող հարցերի թվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այն առնչվում է դատավորի պաշտոնում նշանակվող և արդեն նշանակված անձանց նշանակմանը կամ պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին և նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, որպիսի պայմաններում գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:
Բացի այդ, բացակայում է դատավորի (դատավորի թեկնածուի հավակնորդի) դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաև օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար: Միաժամանակ, առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում չեն կիրառվում ֆիզիկական արատներ և հիվանդություններ ձևակերպումները, ուստի Օրենսգրքի կարգավորումները գործող ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխել բոլոր այն հոդվածները, որտեղ կիրառվում են «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» կամ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձևակերպումները:
Արդյունքում՝ կատարվող փոփոխությունների և լրացումների շրջանակում ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը կիրառելի կդառնա նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն: