«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դիմել է ներդրումային ծրագրով, որն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջարկելով մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել նշյալ ընկերությանը։
Ըստ նախարարի ներկայացրած հիմնավորման՝ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները։
Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ 5 միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 40.0 մլն.ուղևորով:
«Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներմուծել 6․6 մլրդ դրամի ավտոբուս և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,-ասաց Քերոբյանը՝ առաջարկելով բավարարել ընկերության ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։
Քերոբյանն առաջարկում է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին` 150 նոր ավտոբուս ներմուծելու համար
12:21, 16 մարտ 2023